Տիկնայք փափկասուն Հայոց աշխարհի

Սորան

Ես ապրում եմ քաղաք Բերդում։ Դուք չեք պատկերացնի այստեղի բնությունը ինչքան գեղեցիկ է։

Մեր տեսարժան վայրերից Սորանն այնքան բարձրադիր է, որտեղից անգամ Կովկասյան լեռներն են երևում։ Սորանը դենդրոպարկ է։

Վերջերս մենք դասարանցիներով գնում էինք Սորան, որի ճանապարհը շատ երկար էր, և պետք է ավտոմեքենայով գնալ։ Որոշեցինք գնալ կարճ ճանապարհով, բայց պարզվեց այլ տեղ ենք դուրս եկել: Նորից հետ ենք դարձել ու երկար ճանապարհով գնացել։ Մեր դասարանցիներն ասում էին.

-Ետա եկել ենք էլի, էլ ո՞ւր ենք ետ տառնմ: Ետա քըմ ենք քյնյանք:

Ճանապարհը շարունակեցինք ու հասանք Սորան։ Մենք տեղյակ չէինք, որ զորավարժություններ էին ընթանում այնտեղ: Կանգնել էինք ու շատ ոգեշնչված  նայում էինք զինվորներին: Մեր դասարանի տղաները չէին ուզում պարզապես կանգնել ու դիտել: Դրա համար մոտեցան և  նույնպես մասնակցեցին զորավարժություններին, իսկ մենք` աղջիկներս հպարտանում էինք մեր ընկերներով և մեր ապագա զինվորներով։

Կորցրած ընկերներից հետո

Կորցրած ընկերներից հետո կյանքիդ ընթացքը սկսվում է փոխվել, ու դժվարը դրանից հետո նորից քեզ վերագտնելն է:

Կորցրած ընկերներից հետո արածդ կատակները կիսատ ու չհասկացված են մնում։

Կորցրած ընկերներից հետո ընկերական հավաքույթներ ուշ-ուշ են լինում։

Կորցրած ընկերներից հետո թաղում կռիվներ էլ չեն լինում, որովհետև ամեն պահ մեջքիդ կանգնած մարդու բացակայությունը չլրացված է մնում։

Կորցրած ընկերներից հետո էլ չես բողոքում եղանակից, առօրյա խնդիրներից, փողոցում քեզ աչքի տակով նայող մարդկանցից, որովհետև բողոքելու համար էլ լսող չունես։

Կորցրած ընկերներից հետո սիրելի ուտելիքդ առաջվա համը չի ունենում, որովհետև համատեղ սիրելի ուտելիքը մնում է միայն քեզ։

Կորցրած ընկերներից հետո թաղում երեկոները էլ չեք հավաքվում, որովհետև թեման բացողն ու օրվա իրադարձությունները քննարկողի աթոռը դատարկ է մնում։

Կորցրած ընկերներից հետո հին ընկերական վայրեր հաճախ չես գնում. Դե այնտեղ ամեն բան չմոռացվող պատմություն է ունենում:

Կորցրած ընկերներից հետո բառեր կան, որ այլևս չես օգտագործում, քո կյանքի հատուկ մարդկանց են պատկանում դրանք։

Կորցրած ընկերներից հետո մնում են միայն հիշողություններ, որոնք ժամանակի ընթացքում թարմանում, փակվում են նորից, իսկ դժվարը դրանից հետո ինքդ քեզ չկորցնելն է դառնում։

meri araqelyan

Անհայտ է աշխարհը, անհայտ է ուղին

Աշխարհ, որը խելագարվել է: Անտանելիորեն կիսատ են մնացել երազանքները, իսկ եթե համարձակությունս ների, կասեմ` անտանելիորեն կիսատ են մնացել կյանքերը: Խավարը պատել է հոգիները,  ու մարդը հեռացել է «բանական» լինելուց: Համընդհանուր կռիվ է, գոյության պայքար, իսկ բռնակալը «անմեղ» է, որովհետև հզոր է: Համատարած լաց է, կորուստ, ցավ, վախ, վախ, վա՛խ…

Ճանապարհը, որը տուն է տանում, մահախուճապ է, որովհետև գայլերն ու գառներն են կիսում այն:  Հորիզոնից այն կողմ օդը խեղդող է ու մահահոտ:

Դարերի արանքում կանգնած է ցավը, ու կորուստը ծանրացել է վրան: Ու մի նոր ճանապարհ է բացվել դեպի երկինք, անհերթ մի ճանապարհ, ու տխուր է…

Երեկն արցունքոտ էր, իսկ այսօր դժվար է ժպտալ, որովհետև վաղն անհայտ է: Ապրելը երազանք է դարձել բոլորի համար:

Սահման, որը հայրենիքն է: Տուն, որը ընտանիքն է, և սեր, որի անունը Հայաստան է: